AM
20 Հոկտեմբեր 2025 - 14:16 AMT

Վեհափառի նախկին գավազանակիրը հորդորել է ՀԱԵ հայրերին պատասխանել հասարակությանը հուզող հարցերին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը ֆեյսբուքյան իր էջում ափսոսանք է հայտնել, որ իր հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։

Նա խնդրել է ՀԱԵ բարձրաստիճան հայրերին և Եկեղեցու պատկան կառույցներին, որ պատասխանեն հասարակությանը և հավատացյալներին հուզող հարցերին` «զերծ պահելով նոր քննարկումներից ու տարընթերցումներից»։

«Նախորդ օրերին մամուլում հայտնվեց հեռախոսային ձայնագրություն, որը դարձավ հասարակության լայն շերտերի բուռն քննարկման առիթ։

Ցավում եմ շատ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։ Չքննարկելով ձայնագրության իսկությունը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որը սակայն սպառիչ չէր ըստ արդյուքների, և շարունակվում են լրատվամիջոցների ու հազարավոր հավատացյալների հարցերն ուղղվել ինձ, որոնք համախմբելով ստացել եմ հետևյալ պատկերը.

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հարցերը քննարկող մարմնի ղեկավարի ուշադրությանը ներկայացված խիստ բարոյական, արժեհամակարգային և ինստիտուցիոնալ բնույթ կրող խնդրո առարկա նյութը նույն Կարգապահական մարմնում արդյո՞ք ընթացք ստացել է, թե ոչ։
  • Եթե չի ստացել, ապա ինչո՞ւ։
  • Եթե ստացել է, կա՞ արդյոք քննարկման և որոշումների մասին արձանագրություն, թե ոչ:
  • Եվ եթե կա, ինչու՞ օրեր առաջ Տեղեկատվական համակարգը հղում չարեց այդ քննարկումներին և որոշումներին։

Այժմ խնդրանքս է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հայրերին և Եկեղեցու պատկան կառույցներին, որպեսզի, փոխանակ հետևելու և արձագանքներն ամբողջությամբ իմ վրա թողնելու, իրենք պատասխանեն հասարակությանը և հավատացյալներին հուզող հարցերին` զերծ պահելով նոր քննարկումներից ու տարընթերցումներից։

Աստված պահապան և օգնական մեր Մայր Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն և հարազատ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ իշխանական լրատվամիջոցներով ձայնագրություն էր շրջանառվել՝ Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ նա բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):