AM
20 Հոկտեմբեր 2025 - 14:21 AMT

Փոխքաղաքապետ․ Գյումրիի համայնքապետարանը հոկտեմբերի 21-ին գործադուլ կանի

Գյումրիի համայնքապետարանը հոկտեմբերի 21–ից գործադուլ կանի։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնելէ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։

Այս հայտարարությունից հետո նա մյուս գյումրեցիների հետ շարժվել է Երևան, ուր տեղափոխել են Վարդան Ղուկասյանին։

Գյումրու քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակել են, բայց չեն կապարակնքել։

Հոկտեմբերի 20–ի առավոտյան իրավապահ մարմինները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է ութ անձ՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք փոխանցելու մեղադրանքներով, որոնց մեջ ներգրավված են եղել պաշտոնատար անձինք։

Ժամեր անց Վարդան Ղուկասյանը ինքնուրույն դուրս է եկել քաղաքապետարանի շենքից, նրան վազեցնելով մեքենա են նստեցրել։ Ոստիկանության և Ղուկասյանի աջակիցների միջև բախումներ են տեղի ունեցել։ 23 քաղաքացի բերման է ենթարկվել։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։