AM
20 Հոկտեմբեր 2025 - 14:37 AMT

Խոսնակ․ «Մեր ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Մեր ձևով» շարժումը որևէ կապ չունի տարածված ձայնագրության մասնակից անձանց հետ։

«Ի պատասխան լրագրողների հարցումների, իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության հետ կապված քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, և, ընդհանրապես, «Մեր Ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ, ամենայն հավանակամությամբ «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է»,–ասվում է գրառման մեջ։

Խոսնակը հայտնել է նաև, որ բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը։

Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել հոկտեմբերի 19–ին համացանցում հայտնված ձայնագրությունների առթիվ, որում առերևույթ խոսակցություններ են հավաքին գումարի դիմաց մասնակցելու վերաբերյալ։

«Հայկական ժամանակը» գրել է, որ համացանցում ձայնագրություններ են տարածվում, որոնցում «ինչ-որ մեկը տարբեր անձանց հետ հեռախոսով քննարկում է գումարի դիմաց հանրահավաք անելու հարցը՝ ըստ համացանցում շրջանառվող լուրերի՝ խոսքը «Մեր ձևով» շարժման հավաքին տանելու մասին է»: