Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Ղուկասյանի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը։
Հոկտեմբերի 20–ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, որից հետո ձերբակալվել են Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի ևս յոթ աշխատակից։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ քաղաքապետը և մյուսները ձերբակալվել են մի խումբ պաշտոնյաների կողմից խոշոր չափերով կաշառք վերցնելու ու տալու մեղադրանքով։ Կոմիտեն հրապարակել է նաև գաղտնալսումների տեսագրություն, որը վերագրվել է Վարդան Ղուկասյանին և Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Ըստ հաղորդագրության՝ համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով, որ Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում քաղաքացու կողմից կառուցվել է մոտ 1500 քմ ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, պայմանավորվել են նրա հետ կոռուպցիոն գործարքի շուրջ։ Նրանք խոստացել են չձեռնարկել գործողություններ՝ այդ շինությունը քանդելու ուղղությամբ։
Բացի այդ, կազմել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք, ըստ բովանդակության, ներկայացրել են, թե իբրև շինությունը քանդվել է, նորն էլ՝ կառուցվել։ Այդ կերպ շինությունն օրինականացվել է՝ դրա դիմաց պահանջվելով 4 միլիոն դրամ կաշառք։
Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշել է. «Պարոն Ղուկասյանը հերքել է որևէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալու մասին։ Դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին և դրա օրինականացման վճարներին։ Պարոն Ղուկասյանը ցանկության դեպքում էլ չէր կարող ապօրինի շինություն օրինականացնել, որովհետև Գյումրիում դրա ժամկետն ավարտվել է»։
Խուզարկությունների ընթացքում քաղաքապետարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ, ինչի հետևանքով պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծվել։ Ղուկասյանի ձերբակալությունից հետո սկսվել է քաշքշուկ համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների և վերջինիս կողմնակիցների միջև, ինչի արդյունքում բերման է ենթարկվել 23 անձ։
ՀՀ քննչական կոմիտեն հետագայում տեղեկացրել է, որ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել է 33 անձ։






