AM
21 Հոկտեմբեր 2025 - 07:23 AMT

Պիպոյանը հերքել է սահմանակետերում երթևեկության վերականգնման մասին լուրը՝ խոսքը բեռնատարների մասին է

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտարարել է, որ շրջանառվող տեղեկատվությունը, թե սահմանային անցակետերում երթևեկությունը վերականգվել է, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ խոսքը բեռնատարների մասին է՝ մարդատարների համար երթևեկությունը փակելու միտում ցուցարարները չեն էլ ունեցել։

«Հաշվի առնելով, որ սահմանային անցակետերում լրագրողներ չկան և ով ինչ ցանկանա, կարող է ասել։ Տեղեկացնեմ, որ տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, ըստ ցուցարարների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։

Երթևեկությունը եղել է փակ բացառապես բեռնատարների համար ու շարունակում է մնալ փակ մինչև հիմա, իսկ մարդատարների համար երթևեկությունը փակ չի էլ եղել և ցուցարարները այն փակելու միտում չեն էլ ունեցել»,–գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել էր, որ Հայաստան-Վրաստան սահմանին գտնվող «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է․ հայտնում է Արմենպրեսը։

«Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է»,- ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարների մի խումբ վարորդներ իրենց մեքենաներով փակել են միջպետական ճանապարհը Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի մոտ։

Արդեն մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, ըստ որի ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ Կառավարության շենքի դիմաց ցույց անող վարորդներին ասել էր, որ կառավարությունն այդ հարցով ակտիվորեն զբաղվում է։