Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 151-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ իր ելույթում ընդգծել է հումանիտար խնդիրների կարևորությունը և գերեվարված անձանց հնարավորինս արագ վերադարձի անհրաժեշտությունը։
«Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը և վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ: Մեկ այլ կարեւոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,–ասել է նա։
Նա նշել է, որ հայ ժողովրդի համար այս ընդհանուր քննարկման թեմայի կարևորությունը դժվար է գերագնահատել:
«Հայաստանը ծանոթ է մարդասիրական ճգնաժամերին` ունենալով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տխուր հիշողությունը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր և հարյուր հազարավոր մարդկանց թողեց անօթևան: 113 երկրից հսկայական ծավալի հումանիտար օգնություն ուղարկվեց, ինչը վկայում է, որ միջազգային համերաշխությունն ու հումանիտար գործակցությունը կարող են գերազանցել սահմաններն ու քաղաքական տարաձայնությունները:
Մեր սահմաններից դուրս հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում իրականացված առաքելություններին՝ աշխատելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ նպաստել կայունությանը: Մենք կշարունակենք ամրապնդել մեր մարդասիրական կարողությունները և ընդլայնել պաշտպանությունն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:
2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից՝ գալով Հայաստան: Երեք միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների և դիմակայունության լրջագույն փորձություն էր:
Կացարան, առողջապահական, կրթական ծառայություններ եւ աշխատանք տրամադրելով՝ Հայաստանի կառավարությունն արձագանքեց տեղի ունեցածին կարեկցանքով եւ վճռականությամբ: Այս փորձառությունը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր երկրները, առաջնորդվելով սկզբունքներով, կարող են իրականացնել մարդասիրության այն տեսլականը, որը ներշնչված է մեր վեհագույն իդեալներով:
Մարդասիրական աշխատանքն անբաժան է խաղաղության մեր ձգտումներից: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը կարևոր քայլ էր տասնամյակներ տևած հակամարտության և տառապանքների դադարեցման հարցում:
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը»,–ասել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու» (Trump Route for International Peace and Prosperity-TRIPP) նախաձեռնության իրականացումը:
Սիմոնյանը հավելել է, որ TRIPP ենթակառուցվածքային նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը՝ նախատեսելով երկաթուղու զարգացում, ինչպես նաեւ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջեւ:
«Մենք գիտենք, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում: Ուկրաինայից մինչեւ Գազա, Սուդանից մինչեւ Հայիթի մեր աչքերի առջեւ տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր: Քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ, տարեցներ, շարունակում են կրել տառապանքի բեռը:
Այս ողբերգությունները մեզ համար անհապաղ հիշեցում են այն մասին, որ մեր պարտականությունը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է: Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ, որպես այդպիսին, դրանց պաշտպանությունը երբեք չպետք է ընտրողական լինի»,–ասել է ԱԺ նածագահը։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






