Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ 2026թ․ հունվարի 1–ից Ժամկետային զինծառայության ժամկետը կկրճատվի՝ դառնալով 1․5 տարի։
Նա նշել է, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026–ի ամառային զորակոչի ժամանակ, սակայն, այժմ որոշվել է, որ այն կկիրառվի հունվարի 1–ից։
«Նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ․ ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ նաև խորհրդարանական գործընկերների հետ, և որոշվել է, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Այսինքն հունվարի 1–ից զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1․5 տարի»,–ասել է վարչապետը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս։ Օրենքի նախագծով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:






