AM
21 Հոկտեմբեր 2025 - 08:59 AMT

Ակտիվիստ Արթուր Չախոյանին կրկին ծեծել են

Երևանում կրկին ծեծի են ենթարկել մայրաքաղաքի խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ «ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում են ստացել, ոստիկանները մեկ անձի են ձերբակալել», հայտնում է «Ազատությունը»։

«Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ», – հայտնել է ՆԳՆ խոսնակը՝ առանց հստակեցնելու, թե ով է ձերբակալվածը:

Նշվում է, որ Չախոյանի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն է ներկայացրել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ բռնության պատճառը կարող է լինել Չախոյանի վերջին գրառումը։

Ըստ Մանուկյանի՝ Չախոյանը հրապարակավ քննադատել է Նոր Նորքի թաղապետարանի անմիջական մոտակայքում առանց շինթույլտվության կառուցվող շուկայի կառուցման գործընթացը՝ պնդելով, որ մայթը քանդվել է, իսկ դրա վերականգնումը չի իրականացվում շինարարի, այլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ հարկատուների միջոցներով։

Նա քաղաքային իշխանությանը մեղադրել է տեղի ունեցողին լուռ հետևելու և անհրաժեշտ արձագանք չտալու մեջ։

Ապրիլի 30-ին Նոր նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյան մասնակցությամբ ծեծկռտուքը տեղի էր ունեցել հենց թաղապետարանի ներսում։ Ծեծին նախորդել էին Չախոյանի՝ նորակառույց մանկապարտեզի հետ կապված ենթադրաբար կոռուպցիոն բացահայտումը, թաղապետի հետ հայհոյախառը հեռախոսազրույցն ու յոգուրտներով ակցիան։ Հետո քրեական գործեր հարուցվեցին. մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք առաջադրվեց չորս հոգու, այդ թվում՝ թաղապետին, ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար. բոլորն էլ ազատության մեջ են: