Հոկտեմբերի 20–ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպումը` կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը:
Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության և ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:
Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Նորին Սրբություն Լեոն XIV-րդ Պապի գահակալությամբ ևս երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:
Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ էր մասնակցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը՝ հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի տարբեր հարցերի։
Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին սրբություն Լեոն XIV-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։






