AM
21 Հոկտեմբեր 2025 - 09:32 AMT

Գյումրիի ճանապարհին 12 զոհի պատճառ դարձած վթարի վարորդը դատապարտվել է 7 տարի 4 ամսվա ազատազրկման

Գյումրիի ճանապարհին տուրիստական գործակալության ավտոբուսի և «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի 12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով հոկտեմբերի 20–ին դատավճիռ է կայացվել։ «ԶԻԼ»-ի վարորդը դատապարտվել է 7 տարի, 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Այս մասին ասել է տուրիստական ավտոբուսի՝ վթարի հետևանքով մահացած վարորդ Մառլեն Մարգարյանի կնոջներկայացուցիչ Հրայր Ավետիսյանը, հայտնում է Factor.am-ը։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի վարորդ Համլետ Պետրոսյանին՝ երթևեկության կանոնների խախտման համար։ Նա ենթարկվել է կալանքի։

Ըստ մեղադրանքի, Համլետ Սիմոնի Պետրոսյանը, լինելով «B» և «C» կարգերի վարորդական վկայական ունեցող և սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտ 00:20-ին, վարել է իր «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի՝ 34 PD 573 համարանիշով մեքենան Երևան-Գյումրի ճանապարհով՝ Գյումրիի ուղղությամբ։

Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ գյուղի վարչական տարածքում՝ ճանապարհի 90-րդ կմ հատվածում, չնայած ՃԵԿ-ի 1.21 նախազգուշացնող նշանի և 1.1 հոծ գծանշման առկայությանը, ինչպես նաև հանդիպակաց մեքենայի լույսերից շլացման հանգամանքին, վարորդը չի միացրել վթարային ազդանշանները և չի նվազեցրել մեքենայի արագությունը։ Փոխարենը, լույսերն ավտոմատ կերպով փոխել է և շարունակել երթևեկությունը՝ դուրս գալով հանդիպակաց գոտի։ Արդյունքում տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի՝ 99 SL 799 համարանիշով ավտոմեքենայի հետ, ինչը տեխնիկապես հանգեցրել է վթարի։

Վարորդը խախտել է ՃԵԿ-ի հոծ գծանշման, 129-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը՝ զրկելով իրեն կանխարգելման տեխնիկական հնարավորությունից։

Պատահարի արդյունքում զոհվել են վարորդ Մառլեն Միխաիլի Մարգարյանը և ուղևորներ Մուշեղ Արայիկի Էլոյանը, Լիաննա Վաչագանի Քոչինյանը, Եվա Արտակի Փարսյանը, Նարե Սուրենի Ամարյանը, Հելեն Վաչիկի Դադայանը, Ամալյա Արմենի Մնացականյանը, Բարիս Մարատի Թորոսյանը, Անահիտ Ռուբիկի Հակոբյանը, Ալվարդ Մարտիրոսի Մարտիրոսյանը, Արայիկ Սուրենի Մուրադյանը, Էդուարդ Խաչատուրի Քոլոյանը։

Բացի այդ, ուղևոր Մարգարիտա Արզումանի Գաբրիելյանն ստացել է կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ, այդ թվում՝ գլխի փափուկ հյուսվածքների, գլխուղեղի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, կողոսկրերի և թիակի կոտրվածքներ, պնևմոթորաքս և հեմատոմա։ Լիլիթ Վանոյի Ղուկասովան ստացել է բազմապիսի սալջարդներ ու կոտրվածքներ, այդ թվում՝ թոքերի և աջ անրակի վնասում։ Էդուարդ Գագիկի Սահակյանը ստացել է դեմքի ոսկորների կոտրվածքներ և որովայնի սալջարդ, իսկ Պայծառ Սաբիրի Ավանեսյանը՝ ծանր վնասներ գլխին, գանգի ոսկորների կոտրվածք, էպիդուրալ հեմատոմա, թոքերի և ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։

Վթարից 6 ամիս անց՝ 2024 թվականի փետրվարին, Համլետ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով՝ 4 մլն դրամ գրավի և բացակայելու արգելքի պայմանով։ Դատարանի քննության ընթացքում ևս կիրառվել է տնային կալանք՝ մինչև 2025 թվականի ապրիլի 23-ը։

Այս ընթացքում, ըստ մահացած վարորդի կնոջ ներկայացուցչի՝ Հրայր Ավետիսյանի, պաշտպանական կողմը միտումնավոր ձգձգել է գործընթացը՝ շահույթ ստանալու նպատակով, քանի որ տնային կալանքի օրը համարժեք է ազատազրկման օրվան։ Ավետիսյանը Factor TV-ին հայտնել է, որ իրենք միջնորդել են խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, և ապրիլի 23-ին դատարանը բավարարել է միջնորդությունը՝ սահմանելով վարչական հսկողություն, բացակայելու արգելք և գրավ։ Դրանից հետո, ըստ նրա, նիստերի ձգձգումները նկատելիորեն նվազել են։

Պաշտպանը հավելել է, որ պետական մեղադրողը պահանջել է 8 տարի ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 7 տարի 4 ամսվա պատիժ։ Մինչ դատավճիռը օրինական ուժի մեջ կմտնի, Համլետ Պետրոսյանի նկատմամբ սահմանված վարչական հսկողությունն ու խափանման միջոցները մնում են անփոփոխ։ Նշվել է նաև, որ նա մեղադրանքը չի ընդունել։

2023 թվականի օգոստոսի 14-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին։ Պատահարի հետևանքով տուրիստական ավտոբուսի վարորդն ու 11 ուղևոր մահացել էին, ևս 4 ուղևոր ստացել էր կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։