AM
21 Հոկտեմբեր 2025 - 10:12 AMT

Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը պաշտոնապես կարգալույծ է հռչակվել, հայտնում է Sputnik Արմենիան։

Հիմք են հանդիսացել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Փաստաթղթում արձանագրվել է, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը.

ա/ Իր հրապարակային հայտարարություններով ու ելույթներով հեղինակազրկել է Հայ Եկեղեցին, թեմակալ առաջնորդին և հոգևորական ծառայակիցներին։

բ/ Չենթարկվելով թեմակալ առաջնորդի հորդորներին ու հրահանգներին՝ շարունակաբար պահպանել է կարգազանց վարքագիծ։

գ/ Վերջին մեկ ամսվա պատարագների ընթացքում միանձնորեն հեռացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը, ինչով ըստ էության հանդես է եկել որպես Եկեղեցուց դուրս կանգնած հոգևորական։

դ/ Երեք անգամ մերժել է ներկայանալ հանձնախմբի նիստերին՝ անտեսելով դրա լիազորություններն ու հեղինակությունը և իր պահվածքով խախտել է Եկեղեցու հնազանդության ուխտը։

Հաշվի առնելով նշված խախտումները՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել և համարվելու է աշխարհական։ Այսուհետ նա կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անվամբ։

Ավելի վաղ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը հերքել էր իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ վերջին զարգացումներին:«Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որը որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիսուկես է այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ»,–ասել էր նա։

Իսկ Հանրայինով իր հայտարարությունը, Տեր Արամի կարծիքով, «պիտի քննվի, ինչո՞ւ պիտի քննվի, որովհետև եթե եղել են ազատության նկատմամբ ճնշումներ՝ մարդու խոսքի, իրավունքի, և առհասարակ ընտրությունները կլինեն, ցույցերը կլինեն, դրանք այնպիսի շարժումներ են, որ մարդը գաղափարապե՛ս դրան պիտի հարի, եթե դու գաղափարապես այդ շարժմանը չես հարում, բայց այնտեղ ես, դա էլ է տարօրինակ»։