Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կկատարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։ Այդ մասին ասել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա հավելել է, որ գործադուլ չկա։
Հոկտեմբերի 20-ին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը տեղեկացրել էր, թե ի աջակցություն Վարդան Ղուկասյանի՝ համայնքապետարանը պատրաստվում է գործադուլի, sակայն այդ հայտարարությունից հետո քաղաքապետարանը հերքել էր այդ տեղեկատվությունը։
«Բնականոն աշխատանք է, բոլորը նորմալ եկել են գործի։ Գործադուլ անենք, որ բոլորը ուրախանա՞ն»,– նշել է Աղեկյանը։
Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան է՝ նրա դստեր ամուսինը։ Նա եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակի երկրորդ համարը։
Հոկտեմբերի 20-ին իրավապահները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ 8 անձ ձերբակալվել է՝ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։ Մի քանի ժամ անց Ղուկասյանը դուրս է եկել շենքից և ինքնակամ մոտեցել ոստիկանների մեքենային։ Այդ պահին սկսվել է քաշքշուկ՝ համայնքապետարանի շենքի դիմաց հավաքված Ղուկասյանի կողմնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում իրավապահները բերման են ենթարկել 23 քաղաքացու։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ քրեական վարույթ է հարուցվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանին կալանավորել երկու ամսով։






