AM
21 Հոկտեմբեր 2025 - 11:12 AMT

Կոնջորյանը` ընդդիմությանը. Քաղաքական պատասխանատվություն եք կրում Վարդանիկի գործողությունների համար

Ազգային ժողովի հոկտեմբերի 21-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խիստ քննադատությամբ է հանդես եկել ընդդիմադիրների հասցեին՝ հայտարարելով, որ նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործողությունների համար։

«Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում Վարդանիկի գործողությունների համար: Թալանելու, լափելու այդ տարփանքը, որը ձեր մեջ կա, դա ընդհանրապես ոչ մի կերպ չի կարելի հանել, ապաակտիվացնել ձեր միջից։ Ինչ վերաբերում է դատապարտելուն, իհարկե չեք դատապարտելու, որովհետև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կլինի, կասեք՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքը չի պահպանվել, որ դա լինի, կասեք՝ մեղադրյալի փորը ցավում էր էն օրը, բայց դուք նրան կանչեցիք դատական նիստի, հետո, որ դա էլ փարատվի, կասեք՝ չէ, բայց դատավորի պատմուճանի գույնը դուրներս չէր գալիս, դրա համար մեկ է՝ չենք դատապարտի»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Կոնջորյանի խոսքով, ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանի իշխանության գալուն աջակցելով՝ դարձել են նաև նրա ներկայիս արարքների պատասխանատուն։

«Պարզ է, որ չեք դատապարտելու, ո՞նց կարող եք դատապարտել ինքներդ ձեզ: Դատապարտելու լինեիք, մինչև հիմա եղածները կդատապարտեիք: Դուք ուղիղ մասնակցություն եք ունեցել Գյումրիում Վարդանիկի՝ իշխանության գալուն, դուք ուղիղ պատախանատվություն եք կրում դրա մեջ, և Վարդանիկի գործողություններն ուղիղ ասոցացվում են ձեր գործողությունների հետ: Եվ ձեր ելույթները դրա վկայությունն են: Խնդրում եմ մի՛ դիստանցավորվեք նրանից, ինչը ձեր մի մասն է»,– եզրափակել է նա։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։ Քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ին քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ համայնքի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել են խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը։

Բացի այդ, Գյումրիում սկսված զանգվածային անկարգությունների, ինչպես նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ևս հարուցվել է քրեական վարույթ։