AM
21 Հոկտեմբեր 2025 - 11:39 AMT

Վարդանյան. Ընդդիմադիր համայնքապետ կա՞, որ ընտրվել է, չեք հետապնդել` ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատել է իրավապահ համակարգի, ըստ նրա, ընտրովի մոտեցումը ընդդիմադիր և իշխանական պաշտոնյաների նկատմամբ:

«Ընդդիմադիր համայնքապետ կա՞, որ ընտրվել է, չեք հետապնդել։ Գյումրու քաղաքապետը կաշառակեր է, Վանաձորի քաղաքապետն ընտրվելուց հետո պարզվեց հանցագործ է։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա։

Մենք տեսել ենք շաբաթներ առաջ ոնց է բերման ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը՝ ակուրատնի, սիրուն, տեսել ենք ինչպես են բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին՝ Գյումրու համայնքապետարանի շենքի դռները կոտրելու կադրերը»,– հայտարարել է պատգամավորը, գրում է Panorama.am-ը։

Նա նաև համեմատության համար անդրադարձել է ԱՆԻՖ–ի հետ կապված գործընթացին։

«ԱՆԻՖ-ից եք խոսում այստեղ։ Տեսնենք՝ տարբերակված մոտեցում կա՞, թե չէ։ 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա, Վահագն Ալեքսանյան։ Զրո»,–ասել է նա։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պահանջել է Վարդանյանից ավարտել ելույթը։

Վարդանյանն արձագանքել է. «Ավարտում եմ հիմա, հանգիստ», ինչին Ռուբինյանը հակադարձել է. «Ես շատ հանգիստ եմ, ավարտեք հիմա… Անջատեք տիկնոջ խոսափողը»։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։ Քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ին քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ համայնքի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել են խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը։

Բացի այդ, Գյումրիում սկսված զանգվածային անկարգությունների, ինչպես նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ևս հարուցվել է քրեական վարույթ։33 անձ է ձերբակալվել։