AM
21 Հոկտեմբեր 2025 - 12:20 AMT

Սկսվել են խնամատար ծնող դառնալ ցանկացողների համար նախատեսված դասընթացները

Հայաստանում մեկնարկել են հատուկ դասընթացներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են խնամատար ծնող դառնալ՝ հոգատարություն ցուցաբերելով խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է, որ խնամատարության ինստիտուտը հնարավորություն է տալիս աջակցել կյանքի դժվարին փուլում հայտնված երեխաներին։

Խնամատար ծնող կարող է դառնալ յուրաքանչյուր ՀՀ-ում մշտապես բնակվող չափահաս քաղաքացի, ով վերջին հինգ տարիներին ոստիկանությունում հաշվառված չի եղել՝ հասարակական կարգի խախտման կամ երեխաների ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցագործությունների պատճառով։

Խնամատարության գործընթացում պարտադիր փուլ է դասընթացներին մասնակցելը։ Դրանք նախատեսված են օգնելու ապագա խնամատարներին՝ գնահատել սեփական պատրաստվածությունը, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ, հասկանալ այն մարտահրավերները, որոնց կարող են հանդիպել խնամքի գործընթացում։

Այս դասընթացները իրականացվում են Յունիսեֆի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ։ Դրանք կանցկացվեն հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ամբողջովին անվճար հիմունքներով։ Դիմել կարող են այն անձինք, ովքեր համապատասխանում են խնամատար ծնող դառնալու նվազագույն պահանջներին և ունեն պատրաստակամություն՝ հոգատարություն և սեր փոխանցելու երեխաներին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը, կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 055 086 111 կամ 095 605 600։