AM
21 Հոկտեմբեր 2025 - 13:28 AMT

Նազարյան. Եթե «Շողակաթը» փակվի, չենք կարող հանրությանը համոզել, որ պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում

Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ, դիմելով նախագիծը ներկայացնող Թագուհի Ղազարյանին, անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը մտահոգություն է հայտնել, որ նախագիծը միտված է «Շողակաթ» հեռուստաալիքի փակմանը, ինչը Ղազարյանը չի հերքել։

«Այդ նպատակի մասին հրապարակային հայտարարել ենք։ Այո՛, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու։ Այս տարիների ընթացքում մոտ 3 մլրդ դրամական միջոցներ առանց մրցույթի ու մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Ի պատասխան՝ Նազարյանը շարունակել է․ «Լավ է, որ անկեղծ եք։ Եթե պարզվի՝ Մատենադարանը միջոցներն անարդյունավետ է ծախսել, չի նշանակում պետք է Մատենադարանը փակենք։ Կո՛չ եմ անում հետ կանգնել, մտածե՛ք «Շողակաթ»-ը լավը դարձնելու մասին։ Եթե «Շողակաթը» փակեք, Գեղամ Նազարյանը չի կարող հանրությանը համոզել, որ պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում»։

Նոր փոփոխություններում հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից, մինչդեռ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Երեք հանրային հեռարձակողներն են՝ «Առաջին ալիքը», որը հանդիսանում է հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթ», և «Լուրեր» լրատվական ալիքը։ Նախագծի հեղինակները պնդում են, որ երեք հանրային հեռարձակող ունենալը հանգեցնում է որակի խնդիրների, բովանդակության կրկնությունների և ռեսուրսների ցրման։

Պաշտոնական փաստաթղթում, որով հիմնավորվում է փոփոխությունը, նշվում է, որ ներկայիս կառուցվածքը առաջացնում է կառավարման բարդություն, կրթական և մշակութային ծրագրերի հասանելիության ցածր մակարդակ, կրկնվող բովանդակություն և արդյունավետության խնդիրներ։

Հարակից զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է՝ Կառավարությունը քննարկել է այս օրենսդրական նախաձեռնությունը, չունի առարկություններ և հավանություն է տվել օրենքների փաթեթին, հայտնում է 1lurer.am-ը։

Նախարարի խոսքով՝ տարընկալումներից զերծ մնալու համար հնչեցնելու է մի քանի կարևոր շեշտադրում:

«Այս նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ: Սա հատուկ և շատ ուղիղ ուզում եմ ասել, որովհետև նմանօրինակ կարծիք հնչեց քննարկումների ժամանակ: Կառավարությունը իր դրական եզրակացությունը տվել է նախագծին, որպեսզի առնվազն երեքի փոխարեն երկու սլոթ ունենա հանրային հեռարձակողը, ընդ որում, մի բան, որը ամենևին չի խանգարելու նույն հանրային հեռարձակողին պահպանել իր հինգ սլոթները արդեն մրցույթի պարագայում, որովհետև այսօր օրենքով իմպերատիվ սահմանված երեք սլոթի պարագայում հանրային հեռարձակողը ունի և շարունակում է ունենալ ավելին, քան այդ երեքն է՝ երկուսը հեռուստատեսային տիրույթում, երրորդը՝ ռադիոհեռարձակողների տիրույթում»,- պարզաբանել է ԲՏԱ նախարարը:

Հայրապետյանը հույս է հայտնել, որ «Շողակաթ» հեռուստաալիքը կշարունակի գործել ու կօգտվի այն հնարավորություններից, որոնք ստեղծվել են՝ դիմելով համապատասխան հիմնադրամին և արտադրելով որակյալ բովանդակություն։

«Մենք ուրախ կլինենք, որ «Շողակաթը» հետագայում դիմի հիմնադրամին և ստանա համապատասխան աջակցություն ու որակյալ կոնտենտ արտադրի ու հեռարձակի»,– եզրափակել է նախարարը։

«Շողակաթի» հարցը ՔՊ օրակարգում է հայտնվել դեռ 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը 2024 թվականի նոյեմբերին բարձրաձայնել էր. «Արդյո՞ք կա մեկը, որ կասի․ «Այ, գնամ միացնեմ «Շողակաթը», հեսա կարևոր բան եմ նայելու էնտեղ»»։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, որը նաև հանդիսանում է դրա հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը։ Հանրային հեռարձակողի խորհուրդը պատվիրում է ալիքին հոգևոր-մշակութային բովանդակությամբ հաղորդումներ։

«Շողակաթ»-ի շուրջ զարգացումները ակտիվացել են այն բանից հետո, երբ Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը նախաձեռնել է ընդդիմադիր շարժում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ արդեն հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով պետության՝ միակ հոգևոր-մշակութային հեռուստաալիքի նկատմամբ ձեռնարկած քայլերը։