Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը որոշել է կիրակի պատարագ է մատուցել Հովհաննավանքում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Հայտարարության մեջ նա անդրադարձել է նաև վերջին զարգացումներին՝ կապված կարգապահական գործընթացի հետ։
«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան։
«Ցավոք ոչ առաջինն եմ և ոչ էլ վերջինը կլինեմ»
Հայտնի ձայնագրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիրը Կարգապահական հանձնախմբի նախագահի հետ իր խոսքն ավարտում է այս կարևոր հայտարարությամբ, որն այսօր առավել քան արդիական է և ես էլ վերջինը չեմ լինի ցավոք։
Այսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը) և իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։
Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու Հանձնախումբը նվազագույնը երկու տարի չի արձագանքել Կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին։
Այժմ ունենք այն, ինչ ունենք։
Սիրելի Օհանավան և Ուշի համայնքների հավատացյալ հայորդիներ և հազարավոր քրիստոնյաներ, հանուն ճշմարտության հաղթանակի մեր այս նախաձեռնությունը մենք արդար ճանապարհով կպսկենք հաջողության հաստատագրումով։ Աստված մեզ հետ է, և ազատարար ճշմարտությունը շուտով, շատ շուտով հայտնի կդառնա»,–գրել է նա։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը պաշտոնապես կարգալույծ է հռչակվել։ Հիմք են հանդիսացել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ավելի վաղ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը հերքել էր իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ վերջին զարգացումներին:«Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որը որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիսուկես է այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ»,–ասել էր նա։






