Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման մասին հայտարարությունը։
Գրիգորյանը բարձր է գնահատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ղազախստանի գործընկերների ջանքերն այս ուղղությամբ՝ ընդգծելով նման համագործակցության նշանակությունը, հայտնում է Արմենպրեսը։
«Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը»,– նշել է Գրիգորյանը։
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ողջունող հայտարարություն է տարածել նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:






