Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ կիրակի օրը ներկա է լինելու կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։
«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»,–գրել է նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացրել է, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ. Արամ քահանա Ասատրյանն արդեն հռչակվել է կարգալույծ, այսինքն՝ նա դադարել է եկեղեցական լինել և այսուհետ հանդես կգա Ստեփան Ասատրյան աշխարհիկ անունով։
Կարգազրկման որոշումից հետո Ստեփան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ անտեսելով որոշումը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Տելեգրամի իր ալիքում արձագանքել է Փաշինյանի գրառմանը՝ նշելով.«Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է։
Նա նշել է, որ «սա այլևս անհնազանդություն չէ, սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ»։
«Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։
Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։
Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։
Սա այլևս անհնազանդություն չէ։ Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։
Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։
Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։
Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի»,–գրել է նա։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը պաշտոնապես կարգալույծ է հռչակվել;
Ավելի վաղ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը հերքել էր իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ վերջին զարգացումներին:«Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որը որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիսուկես է այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ»,–ասել էր նա։






