Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ լրատվամիջոցներից է իմացել իր պաշտպանյալ Նարեկ Օհանյանի անմեղությունն ապացուցող հերթական նյութի գոյության մասին։
«Հարգելի լագրողներ մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները:
Ցավոք չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:
Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից եմ տեղեկացել որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը»,- գրել է Հովհաննիսյանը։
Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, մյուս կալանավորվածը, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերը:
Իրավապահներն անցած շաբաթ տեղի ունեցած արյունալի այդ միջադեպը համարում են բացահայտված: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:






