Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանի այն հայտարարությանը, որ նա պատարագ է մատուցելու Հովհաննավանքում, նշել է, որ Հովհաննավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունն է։
«Այն կարող է տնօրինվել միայն դրա օրինական սեփականատիրոջ կողմից։ Այլ անձանց, այդ թվում եկեղեցուց հեռացված, որևէ անձի կողմից գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է։
Եկեղեցում կիրակի օրը պատարագ կարող են մատուցել միայն դրա իրավունքն ունեցող հոգևորականները։ ՀՀ քրեական օրենսգիրքը հանցանք է որակում կրոնական արարողությունների միջամտելը, դրանք խափանելն ու խոչընդոտելը։ Սադրանք հրահրելն էլ մեկ այլ հանցագործություն է։ Իրավապաշտպան մարմինների ուշադրությունը հրավիրում եմ այս պահին ենթադրյալ երկու հանցագործների` Ստեփան Ասատրյանի և Նիկոլ Փաշինյանի գործողությունների և հայտարարությունների վրա»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հռչակվել է կարգալույծ։ Նրա կարգալույծման արդյունքում, վերջինս ընդգրկվել է աշխարհականների շարքում և ներկայացվելու է որպես Ստեփան Ասատրյան։
Ի պատասխան՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, թե կիրակի պատրաստվում է պատարագ մատուցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած պատարագին»։






