AM
22 Հոկտեմբեր 2025 - 08:47 AMT

Հայտարարություն․ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել շինաշխատանքները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայաստանի ճարտարապետների պալատը տեղեկացրել է, որ քննարկման արդյունքում որոշվել է «Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյալ»։ Այդ մասին ասվում է հայտարարության մեջ։

Մշտադիտարկում կիրականացվի շինարարական գործընթացի նկատմամբ, որի շրջանակում ներգրավված կլինեն ԿԳՄՍ նախարարի, ճարտարապետների պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցիչները։

Նշվում է, որ «Արթուր Թարխանյան կենտրոնը» տարածել է հայտարարություն Հայաստանի ճարտարապետների պալատի անունից, որը չի համապատասխանում իրականությանը։

«Հակառակը՝ Պալատի խորհրդում քննարկումների արդյունքում կայացվել է սկզբունքային որոշում՝ ձեռնպահ մնալ հարցի հանրայնացումից, համարելով այդ ճանապարհն անարդյունավետ, իսկ մասնագիտական տարակարծությունների քննարկումները շարունակել և, անհրաժեշտության դեպքում, ընդունելի լուծումներ որոնել բացառապես մասնագիտական գործընկերային դաշտում, ներգրավելով բոլոր կողմերին։

Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննարկումները Հայաստանի ճարտարապետների պալատում սկսվել են հանրային մտահոգությունների վերաբերյալ առաջին իսկ ահազանգերից անմիջապես հետո։ Հուշարձանի տարածքում Պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո, Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ Անահիտ Թարխանյանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է մոտ 743 միլիոն դրամ։

Հայտարարության մեջ ասվում է նաև․ «Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հավատ, զգոնություն և խոհեմ մոտեցում՝ հանուն հայ ժողովրդի պատմական այս բացառիկ հուշարձանի ամրակայման և պահպանության։

Պալատը շարունակելու է իր հանձնառությունը՝ մասնագիտական հարցերի վերջնական պարզաբանման և անհրաժեշտ շտկումների իրականացման ուղղությամբ։

Հ․Գ․ Զգոնության կոչով դիմում ենք Պալատի անդամներին՝ որևէ հայտարարության միանալիս օգտվել հեղինակին ճշտելու Ձեր իրավունքից, հիշելով, որ Պալատի անունից հայտարարություն տարածել կարող է միայն Պալատը»,–ասվում է հայտարարության մեջ։

Վերականգնման ճարտարապետական խմբի ղեկավարն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։