AM
22 Հոկտեմբեր 2025 - 09:16 AMT

ՄԻՊ–ն այցելել է Գյումրու ՁՊՎ՝ տեսակցելու ձերբակալված անձանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն հոկտեմբերի 20-ին այցելել է ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի ՁՊՎ՝ Գյումրիում օրեր առաջ ձերբակալված անձանց տեսակցելու համար։

«Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը և իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ»,- ասված է հաղորդագրությունում։

Մանասյանն աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև Աշոցք և Ամասիա՝ տեղում քննարկելով համայնքների առջև ծառացած խնդիրները։ Նա հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների հետ։

«Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային և սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, ինչպես նաև պետական և համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված»,- ասված է հաղորդագրութjan me5:

Հատկապես Ամասիայում շեշտադրվել են անձնագրային ծառայությունների մատչելիության դժվարությունները, իսկ Աշոցքում՝ ճանապարհների կառուցման առնչվող առանձին խնդիրները։ ՄԻՊ-ը նշել է, որ մարզային բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է իր գործունեության առանցքային ուղղություններից։

Այցերի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման համար, ըստ Մանասյանի, էական է արդյունավետ համագործակցությունը ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Մանասյանը հանդիպել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ, որի ժամանակ քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Գյումրու համայնքապետարանի մոտ իրավապահների և քաղաքացիների միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով 23 անձ է ձերբակալվել։ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։