AM
22 Հոկտեմբեր 2025 - 09:18 AMT

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Հոկտեմբերի 22-ից Վաղարշապատ խոշորացված համայնքում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, համաձայն օրենսդրական կարգավորումների, շարունակվում է մինչև նոյեմբերի 14-ը, հայտնում է Արմենպրեսը։

Ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական ուժ, որոնք հանդես են գալիս հետևյալ հերթական համարներով․

1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),

2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),

3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),

4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),

5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),

6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),

7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),

7․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։

Ընտրական գործընթացի լուսաբանման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 19 լրատվամիջոց, իսկ դիտարկումներ իրականացնելու համար գրանցվել է մեկ դիտորդական կազմակերպություն։

ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Վաղարշապատի խոշորացված համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկված է 70,022 քաղաքացի, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ավագանու ընտրություններին։

Ընտրությունների օրը Վաղարշապատի համայնքի տարբեր բնակավայրերում կբացվի 47 ընտրատեղամաս։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։