Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծը, ինչը ենթադրում է, որ կփակվի «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Օրինագիծը քվեարկությամբ ստացել է 63 կողմ, 31 դեմ ձայն, ձեռնպահներ չեն եղել, հայտնում է Sputnik Արմենիան։
Այն հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ Նրանց առաջարկով նախատեսվում է հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը երեքից նվազեցնել՝ դարձնելով երկու։ Ներկայումս հանրային հեռարձակողներ են համարվում «Առաջին ալիքը», հոգևոր–մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթը» և լրատվական «Լուրեր» ալիքը։
Ըստ ներկայացված նախագծի՝ նպատակ է դրվել սահմանել հանրային հեռարձակողների առավել սահմանափակ շրջանակ՝ պահպանելով միայն երկուսը և միաժամանակ վերացնել պահանջը՝ ունենալ կրթական ու մշակութային բովանդակությամբ հաղորդումներ։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությամբ նախատեսվում է «Շողակաթ» հեռուստաընկերությունն այլևս չներառել հանրային հեռարձակողների ցանկում։
Լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների մի մասը, ներառյալ Հայաստանի ժուռնալիստների միությունը, հանդես են եկել այս նախաձեռնության դեմ՝ պահանջելով դրա հետկանչը Ազգային ժողովից։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել էր. «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու ՔՊ–ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը արշավ է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ, քանի որ նա զրկվում է կրթական, մշակութային ուղղվածության հաղորդումներից»։
անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը քննարկման ժամանակ ասել էր, որ «եթե «Շողակաթը» փակեք, Գեղամ Նազարյանը չի կարող հանրությանը համոզել, որ պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում»։






