AM
22 Հոկտեմբեր 2025 - 09:22 AMT

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին հարցաքննել են

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի ղեկավար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոկտեմբերի 21–ի ուշ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե ու հարցաքննել։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ «անձը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում», տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ իշխանկան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին 2023 թվականին կատարված ձայնագրություն, որում Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրում է՝ իբր նա ստիպել է, որ ինքը և ընտանիքի անդամները մասնակցեն հանրահավաքի։

ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Նաթան սրբազանն իրավապահներին փոխանցել է, որ չունի մեկնաբանություն այն զրույցի վերաբերյալ, որն, իր կարծիքով, անօրինական ձևով է ձայնագրվել։

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ քննության առարկա կդարձնի Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ու Վեհափառի նախկին գավազանակրի խոսակցության ձայնագրությունը։

Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։