AM
22 Հոկտեմբեր 2025 - 11:35 AMT

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով երեխա ունենալու տարիքային շեմը կհանվի

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ երեխա ունենալու ծրագրերից օգտվելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի։ Ազգային ժողովում համապատասխան օրենքի նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։

«Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասին, ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ըստ այդմ՝ մշակվել է փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվել է հանել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները՝ կանանց և տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը»,- ասել է Գասպարյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ նախկինում երեք զույգ դիմել է այս ծրագրին, սակայն նրանց դիմումները մերժվել են տարիքային շեմի սահմանափակման հիմքով։

Ըստ գործող կանոնակարգի՝ հղիության կրումն իր վրա վերցնող կինը կարող էր լինել մինչև 53 տարեկան, իսկ եթե ծննդաբերությունը նախատեսվում էր փոխնակ մոր օգնությամբ, ապա՝ մինչև 55 տարեկան։

Նախագիծը Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ։