Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն, անդրադառնալով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ հարուցված քրեական գործին ու նրա կալանավորմանը, հայտարարել է, որ նրա նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ են:
«Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ:
Հանձնաժողովը հիշեցնում է՝ Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:
Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝
.վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է,
.նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց,
.պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս մոտեցումները կիրառելով Ալեքսանդր Կոչուբաևի դեպքի համատեքստում՝ հանձնաժողովը հստակ արձանագրել է հետևյալը.
. հաշվի առնելով նրան վերագրվող արարքները և նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակը՝ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն ու միջոցառումները համարվել են ոչ համաչափ և անհարկի։
Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ Կոչուբաևին պատկանող փաստաբանական գրասենյակի, մեքենայի ու բնակարանի խուզարկությունները գնահատվել են որպես անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ «իշխանությունների ընթացիկ գործելաոճը հակասում է ժողովրդավարական պետության սկզբունքներին»։
Հանձնաժողովը խստագույնս դատապարտել է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է։
«Հանձնաժողովը հորդորում է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,
պահանջում է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,
արձանագրում է որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,
պահանջում է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք»,–ասվում է հայտարարության մեջ։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեն հաղորդել է, թե քրեական հետապնդում է հարուցվել դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելու համար։
Կոչուբաևը ֆեյսբուքյան էջի վերջին գրառմամբ կոշտ բառերով քննադատել էր Մկրտիչ սրբազանի կալանավորումը: Նախորդ շաբաթ էլ քննադատել էր Տավուշի թեմի նախկին առաջնորդի գործով իրավապահներին:






