AM
22 Հոկտեմբեր 2025 - 12:43 AMT

Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկը» դիմել է դատախազություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ դիմել է դատախազություն։

Նշվում է, որ 2025թ. նոյեմբերի 16-ին Էջմիածնում (որին միացվել է նաև Խոյ համայնքը) տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հոկտեմբերի 21-ին, համայնքի գյուղերից մեկում (Դողսում) ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի մասին հրապարակել է լրագրող Լիա Սարգսյանը:

«Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում (հարթակում կանգնելու միջոցով) էր նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու: Նշվածը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը:

Նշվածի վերաբերյալ կազմվել է հանցագործության հաղորդում, որը նախորդ գիշեր ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Էջմիածնում նույն լրագրողի կողմից արձանագրվել են նաև ՔՊ-ի քարոզարշավին կոմունալ (կամ բարեկարգման ստորաբաժանման) ծառայողների առերևույթ ներգրավում՝ նրանց աշխատանքային ժամին (աշխատանքային պարտականությունների կատարման փոխարեն): Ընդ որում, հրապարակումից կարելի է ենթադրել, որ կոմունալ ծառայության աշխատակիցները դա անում են վերադասի ցուցումով, համայնքային տեխնիկայի օգտագործմամբ, իսկ պաստառը փակցնում են արգելված վայրում»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվածը հանդիսանում է ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի ենթադրյալ խախտում, ըստ որի՝ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

«Ավելին, եթե կոմունալ ծառայության աշխատակիցները վերադասի հրահանգով են գործել, ապա այդ վերադասի գործողություններում առերևույթ առկա է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով արգելված արարք, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը:

Նշվածի մասին հանցագործության հաղորդումը ևս քիչ անց կներկայացվի դատախազություն և վարչական վարույթ հարուցելու դեիմումը՝ ԿԸՀ:

Կոչ ենք անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դադարեցնել համայնքային միջոցների առերևույթ ծախսումը նախընտրական քարոզչության վրա, քանի որ դա, չհերքվելու դեպքում, վարչական ռեսուրսի չարաշահման ամենավառ արտահայտումն է, որը զուգորդվում է հարկատուների գումարները կուսակցական նպատակներով յուրացմամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրել է, որ «Էջմիածնում ու Խոյում ՔՊ-ականներն ավելի ափաշքյարա են գործում, քան Վարդան Ղուկասյանի կոռուպցիան՝ Գյումրիում»։

«Ասում է՝ փորել, հասել են ՔՊ-ի փակ խմբերը ու գտածները էն ա, թե բա կարո՞ղ է համայնքի ղեկավարը կամ փոխմարզպետը, որ յուրային կուսակցության հանրահավաքի համար մարդկանց են բերել, էտ մարդկանց պարտադրելով են բերել:

Հարգելիներս, սա ՔՊ-ի գովազդ է, քանի որ ստացվում է, որ փորել, խորը տեղեր եք հասել, բայց անգամ վարչական իրավախախտման որևէ փաստ չեք գտել:

Փոխարենը գնացեք ու հենց հիմա Էջմիածնում ՔՊ-ի որոշ ներկայացուցիչների կողմից օրը ցերեկով արվող առերևույթ հանցագործությունները նայեք:

Էջմիածնում ու Խոյում այդ ՔՊ-ականները ավելի ափաշքյարա են գործում, քան Վարդան Ղուկասյանի կոռուպցիան՝ Գյումրիում: Օրը ցերեկով, բոլորի աչքի առջև առերևույթ կատարում են ընտրական, քրեական և վարչական իրավախախտումների օրենսգրքերի մի շարք հոդվածներով արգելված արարքներ:

Հ.Գ. Գիշերը արդեն դիմել ենք Դատախազություն, քիչ անց մանրամասները կհրապարակենք»,-գրել է նա։

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքն առանձնապես բարձր է գնահատում իրենց շանսերը Վաղարշապատի ավագանու առաջիկա ընտրություններում, հայտնում է Panorama.am-ը։

«Շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը Վաղարշապատի ավագանու ընտրություններում։ Իմ նպատակը վերջին հինգ-վեց տարում մեկն է՝ ազատվել այս իշխանութուններից, իշխանազրկել ՔՊ-ին»,-ասել է նա։

Նա վստահեցրել է, որ նոյեմբերի 16-ին իրենց թիմը ցույց է տալու, որ ՔՊ-ն չի կարողացել վերահսկողություն հաստատել Վաղարշապատում։

«Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ առավելագույն ձայներ ստանանք։ Ես վստահ եմ մեր թիմի, մեր աշխատանքի վրա, մենք խնդրելու ենք այդ ձայները Վաղարշապատի բնակիչներից, և կարծում եմ, կստանանք»,-ասել է կուսակցության նախագահը։

Վանեցյանը կարծում է, որ Վաղարշապատի ընտրությունները պետք է դիտարկել լայն՝ համապետական և հոգևոր համատեքստում՝ նկատի ունենալով վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված հարձակումները։

«Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքն է։ Մենք այդ տեսանկյունից նաև պետք է դիտարկենք ընտրությունները։ Վաղարշապատցին պետք է իր հստակ խոսքն ասի։ Այն իշխանությունը, որ սկսել է գործել Հայ առաքելական եկեղեցու դեմ, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում»,-ասել է ընդդիմադիր գործիչը։

Լրագրողների այն դիտարկմանը, թե առկա են տեղեկություններ ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ, Վանեցյանն արձագանքել է, որ իրենց պայքարը լինելու է խաղաղ ու համոզիչ եղանակներով։

«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք ժպիտներով, մեր խոսքով, մեր գործով։ Ինչքան էլ իրենք վարչական ռեսուրս փորձեն կիրառել, ես վստահ եմ, որևէ արդյունքի չեն հասնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վաղարշապատում, ես կասեի ամբողջ հանրապետության տարածքում այլևս այնքան ցածր վարկանիշ ունի և ընտրողների կողմից աջակցություն, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նարնց չի հաջողվի հաղթանակի հասնել»,-աս Վանեցյանը։ել է

Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինների կողմից հետապնդումների կամ ձերբակալությունների հավանականությունը չի բացառվում, սակայն իրենք որևէ ապօրինություն չեն թույլ տվել։

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության կողմից ավագանու թեկնածու է առաջադրվել գրող և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։ Ավագանու ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16-ին, և դրանց մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցությունը գրանցվել է 8-րդ համարի ներքո։

Նախընտրական քարոզչության շրջանը մեկնարկելու է հոկտեմբերի 22-ից և կտևի մինչև նոյեմբերի 14-ը, ներառյալ ժամը 24:00-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հոկտեմբերի 30-ից առաջ տեղադրվելու են թե կուսակցությունների, թե դաշինքների և բոլոր թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։