Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Հռոմում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելների սրբադասման արարողության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդություն ստանալուն, գրել է, որ դա հակասում է Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը։
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև դավանաբանական մեծ տարբերություն կա։ Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցու հետ ընդհանուր հաղորդակցություն և միասնական Հաղորդություն չունի, հետևաբար մեր եկեղեցու զավակը չի կարող Հաղորդություն ստանալ Կաթոլիկ եկեղեցում։ Նման պարագայում նա դավանափոխ է լինում»,-գրել է նա։
Նա շեշտել է, որ միայն ապաշխարությամբ և ներքին զղջումով կարող է որևէ մեկն իր քայլը վերանայել և վերադառնալ Մայր Եկեղեցու գիրկը։
«Եթե որևիցէ մեկը Սուրբ Հաղորդություն է ստանում այս կամ այն եկեղեցում, նա նաև հաստատում է իր հավատարմությունը տվյալ եկեղեցուն և այդ եկեղեցու անդամ լինելուն։ Դարերի ընթացքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցին փորձել է դավանափոխ անել մեր ազգին, հատկապես հայոց արքաներին և իշխաններին, սակայն չի հաջողվել, բայց կարծես այսօր հաջողվեց։ Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցուն, ազգին և Հայրենիքին»,-գրել է նա։
Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լեոն XIV Պապը։ Արարողությանը ներկա է գտնվել Փաշինյանը։
Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV Պապը ողջունել է դրան մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։






