AM
22 Հոկտեմբեր 2025 - 12:58 AMT

Սիմոնյան․ Որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են՝ իրենք են հետ քաշվելու, որտեղ մեր զորքերն են առաջ՝ մենք ենք հետ քաշվելու

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանը բռնազավթած է պահում ՀՀ տարածքները, ասել է, որ գոյություն ունի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողով, այդ հանձնաժողովը գործելու է, և դելիմիտացիան Վրաստանից մինչև Իրան է հասնելու։

«Որտեղ, որ ադրբեջանական զորքերն առաջ են, իրենք են հետ քաշվելու, որտեղ հայկական զորքերն են առաջ, մենք ենք հետ քաշվելու։ Իսկ ես ասել եմ, որ այդպիսի տեղեր շատ են»,- հավելել է նա։

Խոսելով Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման մասին՝ Սիմոնյանը վստահեցրել է, որ այն եղել է ջերմ և կառուցողական։ Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել են ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ հումանիտար կարևորություն ունեցող հարցեր, այդ թվում՝ հայ գերիների խնդիրը։ Ըստ նրա՝ «խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, մեր ընկալման մեջ է, այլ նաև ադրբեջանական կողմի մեջ է», հայտնում է Aravot.am-ը։

«Մի պահ խոսակցություն եղավ, օրինակ, ռազմական ագրեսիայի մասին, ասում են, որ կարող է սենց բան լինել, ասաց՝ հնարավոր չէ, ո՞նց, մենք այսքան քայլ ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա»,- ասել է նա։

Սիմոնյանը նշել է, որ գերիների և պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ։

«Այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կա հրապարակային մասում։ Եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է։ Պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին։ Եվ պետք է ասեմ, որ երկուստեք այդ ընկալումը կա, որ պետք է խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու և խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Եվ պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը ևս կար, շատ դրական, ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել ու առաջարկել երկու կողմից։ Բայց խոսքը չի գնում հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամենը արվի և հնարավորինս մեծ ծավալով»,–ասել է ԱԺ խոսնակը։

Այն հացին, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը Հայաստանով անցնող ճանապարհը «միջանցք» անվանում, հարցրե՞լ է իր ադրբեջանցի գործընկերոջը, Ալեն Սիմոնյանը դրական է պատասխանել։

«Ես դրա մասին հարցրել եմ, ասել եմ և ի պատասխան հնչել է, որ միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրենք ուզում են, որ Ադրբեջանի միջով տնտեսական միջանցք անցնի։ Ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասում է՝ դե տարածքն այդպես է կոչվում, դրա համար տարածքի անունով ենք ասում։ Բայց ես վստահեցնում եմ, ասաց գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները, բազմաթիվ տեղեր մենք TRIPP ենք ասում։ Կարծում եմ՝ ուղղակի խոսույթի տարբերության խնդիր է»,-ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է, որ ղազախական ծագման ցորենի ներկրումը Հայաստան Ադրբեջանի տարածքով ևս դիտվում է որպես երկկողմ խաղաղության հաստատման հստակ քայլ և դրական ազդակ։

«Այո, սա հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է, և վստահ եմ, որ ապագայում նման երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու։ Ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, և պետք է ասեմ, որ մենք սպասում ենք, շատ կարևոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտափույթ լուծումների»,- ասել է նա՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան ղազախական ցորենի ներկրման մասին Ալիևի հայտարարությանը։

Նրա գնահատմամբ՝ խաղաղ գործընթացը պետք է առաջ գնա գործնական քայլերի և փոխադարձ հանձնառության հիմքով։

Սիմոնյանը շեշտել է՝ եթե ցանկանում ենք հասնել իրական և կայուն խաղաղության, ապա անհրաժեշտ է ոչ միայն պաշտպանել սեփական դիրքորոշումը, այլև հասկանալ հակառակ կողմի ընկալումները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի պաշտոնական նարատիվը հիմնված է այն համոզման վրա, թե «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է իրենց տարածքի մի զգալի մասը»։

«Իրենք էլ են պատերազմ արել, իրենք էլ են մարդ սպանել, մենք էլ ենք մարդ սպանել։ Մենք պետք է հասկանանք, որ բացի մեր ընկալումից կա նաև իրենց ընկալումը։ Իրենց ընկալմամբ՝ մենք 30 տարի իրենց տարածքի 20 տոկոսը և ավելին օկուպացված ենք պահել։ Հիմա մենք նստենք, ապագոռգոռ հայտարարություններ անենք, շատ լավը թվանք տեսախցիկների առաջ, իսկ հարցը չլուծվի։ Որպեսզի դիմացինի հետ դիալոգ տեղի ունենա, դու պետք է հասկանաս՝ լավ, ես իմ դիրքորոշումն ունեմ, իրենց դիրքորոշումը ո՞րն է։ Իրենց դիրքորոշումը հետևյալն է, որ հրահրվել է միջազգային բախում, հրահրվել է, որպեսզի միջազգային բախման ֆոնի վրա սովետական միության փլուզման թեման դառնա երկրորդական։ Եվ այդ հրահրման հետևանքով հայկական զորքերը ռուսական զորքերի աջակցությամբ գրավել են իրենց տարածքի 20 կամ 30 տոկոսը։ Հիմա մենք կարող ենք վիճել դրա հետ, կարող ենք համաձայն չլինել, ասել՝ սուտ է, բայց պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր ընկալումը, թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա, որպեսզի կարողանանք խոսել, պետք է հասկանանք, թե դիմացինն ինչ է ասում»,- նշել է նա։

Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։ Երևանը ողջունել է այդ որոշումը։