Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանայի կողմից մատուցվելիք պատարագին մասնակցելու նրա որոշումը, ասել է, որ գնալու է և «հաղորդություն է ընդունելու Տեր Արամի ձեռքից»։
«Ի սկզբանե, երբ խոսել եմ «Վեհարանը՝ վեհին» նախաձեռնության մասին, առանցքային պատճառներից մեկն այն է, որ, ըստ էության, այսօր Հայաստանում հոգևեր կյանքով ապրելու տեղ չկա կամ դժվար է գտնել»,-ասել է նա՝ հավելելով, որ մի կողմից խոսում են արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է, գրում է Radar Armenia-ն։
Նա ընդգծել է, որ վերջին իրադարձությունները նրան համոզել են՝ Հովհաննավանքը հենց այն վայրն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր ներդաշնակության մեջ։
«Ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է»,-ընդգծել է վարչապետը։
Վարչապետը հավելել է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ պատմամշակութային և կրոնական հուշարձաններ, ներառված է կառավարության հաշվեկշռում։
«Մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն։ Ես կարծում եմ՝ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, «ֆեյք երեցների» խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է նաև, որ գործող կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և կարգալույծ է եղել։
«Եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է՝ տեր Արամը այդ օրը նոր օծվել է եկեղեցու՝ ժողովրդի կողմից, ես կգնամ և հաղորդություն կընդունեմ Տեր Արամի ձեռքից»,- ասել է նա։
Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հռչակվել է կարգալույծ։ Նրա կարգալույծման արդյունքում, վերջինս ընդգրկվել է աշխարհականների շարքում և ներկայացվելու է որպես Ստեփան Ասատրյան։
Ի պատասխան՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, թե կիրակի պատրաստվում է պատարագ մատուցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած պատարագին»։






