AM
22 Հոկտեմբեր 2025 - 13:57 AMT

Պապիկյան. Ասել, որ կրճատում ենք բանակը, անհեթեթություն է

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում անդրադարձել է ժամկետային ծառայության տևողության կրճատման նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այդ քայլը վաղօրոք է պլանավորվել։

«Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է։ Այս միտքը նոր չէ։ Այն գործընկերները, որոնք մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու, նախընտրական ինչ-որ գործողությունների մեջ, թող կարդան կառավարության ծրագիրը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը նշել է, որ իրենք ստանձնել են հստակ պարտավորություն՝ հնգամյա ժամկետում, պայմանագրային ծառայողների թվի ավելացման միջոցով, կրճատել ժամկետային զինծառայության տևողությունը։

«Դա սևով սպիտակի վրա գրված է։ Երկրորդ, ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը։ Այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա»,-ասել է նա։

Պապիկյանը շեշտել է նաև, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով բազմաթիվ քաղաքացիներ, վեց ամսով ծառայության անցնելուց հետո, որոշում են շարունակել ծառայությունը՝ դառնալով պայմանագրային զինծառայողներ։

«Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն»,-ասել է Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026–ի հունվարի 1–ից ժամկետային զինծառայության տևողությունը 2 տարվա փոխարեն կլինի 1․5 տարի։