AM
22 Հոկտեմբեր 2025 - 14:45 AMT

Վարչապետ. Որ ընտրություններում վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անենք, պարտվելու ենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, ասել է, որ եթե ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անեն, պարտվելու են։

«Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս, ուզելով թե չուզելով, անուղղակի օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք: Սա եղել է և կա իմ համոզմունքը»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Նա տարօրինակ է համարել այդ թեմայի քննարկումը:

«Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք Հայաստանում հեղափոխություն արել: Ինչպե՞ս կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի և մտածի, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունն ավելի հետաքրքիր է. դա ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար և քաղաքական գործչի համար: Սա իմ համոզմունքն է:

Որտեղ մենք այդ տրամաբանությամբ մտածենք, նույնիսկ չգործենք, այնտեղ միանշանակ պարտվելու ենք: Ես որևէ կասկած չունեմ, իսկ որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, մենք այնտեղ, միանշանակ, հաղթելու ենք: Ապացույցը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որը ամբողջ միջազգային հանրության կողմից որակվեց որպես ազատ, մրցակցային և այդպես շարունակ»,–ասել է նա։

Վարչապետը նաև արձագանքել է այն տեսակետներին, թե ՔՊ-ն դիմում է քաղաքական տեխնոլոգիաների կիրառման՝ վստահեցնելով, որ նման մեթոդներն իրենց ճանապարհը չեն։

«Կամ, որ մեզ կասկածում են քաղաքական տեխնոլոգիա կիրառելու մեջ. այնտեղ, որտեղ մենք քաղաքական տեխնոլոգիա փորձ անենք կիրառել, այնտեղ մենք պարտվելու ենք, որովհետև մեր քաղաքական տեխնոլոգիան էմոցիան է, օրգանիկ կապը ժողովրդի հետ և սերն է ժողովրդի և մեր երկրի նկատմամբ: Ի՞նչ տեխնոլոգիա, տեխնոլոգիայով ի՞նչ անենք, որ ի՞նչ լինի:

Էդքան քննարկում են PR, այս բառը բոլորը գիտեն: PR-ը՝ հանրային հարաբերություններ: Այսինքն՝ հաղորդակցվել հանրության հետ և հանրության հետ հաղորդակցվելու նորանոր ձևեր գտնել կամ առիթներ գտնել և այդպես շարունակ: Այդ հաղորդակցությունը եթե անկեղծ չէ, բովանդակություն չկա տակը, ինչքան ուզում են տեխնոլոգիա դնեն: Դա չի փրկել 2018 թվականին ոմանց, չի օգնել 2021 թվականին, չի օգնել 2021 թվականից հետո մինչև հիմա և հետագայում էլ չի օգնելու, որովհետև առանց բովանդակության չի լինում քաղաքականություն»,- նշել է վարչապետը:

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։