Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն:
Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել մարդ, «ով ունի հոգեկան խնդիրներ, կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարականները», հայտնում է Aysor.am-ը։
«Այս ռեժիմի ներկայացուցիչները ո՛չ սրբություն ունեն, ո՛չ բարոյականություն, ոչ էլ արժանապատվություն։ Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին՝ վստահ եմ, որ նա հաստատակամ է, բոլոր պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Սարգսյանը շեշտել է, որ իր քաղաքական թիմը՝ Հանրապետական կուսակցությունը, սատարում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և կանգնած է Հայ առաքելական եկեղեցու կողքին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ հայրապետի հորդորով։ Հենց նա կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու»,- ընդգծել է ՀՀ 3-րդ նախագահը։
Տևական ժամանակ է, ինչ գործող իշխանությունները իրականացնում են արշավ ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ կաթողիկոսի դեմ։ Այս ընթացքում կալանավորվել են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, ինչպես նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։






