Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, պատասխանելով Էմմա Պալյանի հարցին ասել է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով»։
Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ ֆորմատն այնպիսին չէ, որ ինքը կարող է պատասխանել պատգամավորին Youtube-ի հղումով, հայտնում է 1lurer.am-ը։
«Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով: Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքն ինչպե՞ս կարող է օգտագործվել ուրիշի դեմ»,- նշել է վարչապետը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում հոկտեմբերի 20-ին իրականացվել են քննչական գործողություններ Գյումրու քաղաքապետարանում։ Գյումրի համայնքի մի շարք պաշտոնատարների՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա կալանավորվել է 2 ամսով, նրա պաշտոնավարումը կասեցվել է:
Բացի այդ, քրեական վարույթ է հարուցվել զանգվածային անկարգությունների մասնակցելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։






