AM
23 Հոկտեմբեր 2025 - 06:33 AMT

Հայտարարություն․ Փաշինյանի և նախկին հոգևորականի սադրանքը կարող է հանգեցնել աղետալի բախումների

Լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ դիմելով ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ գործող իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ և մասնակցությամբ, վերջին շրջանում սկսել են հետևողականորեն «թիրախավորել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ կիրառելով ատելության խոսք և զրպարտող բովանդակություն»։

Նշվում է, որ «Փաշինյանի և եկեղեցին զավթել փորձող նախկին հոգևորականի սադրանքը կարող է հանգեցնել քաղաքացիական աղետալի բախումների»։

«Չնայած այն հանգամանքին, որ ՀԱԵ-ն Սահմանադրությամբ անջատված է պետությունից, պետական պաշտոնյաների՝ եկեղեցական կյանքում ուղիղ և բացահայտ ներգրավվածությունը փաստացի դուրս է գալիս նրանց լիազորությունների շրջանակից՝ կոպտորեն խախտելով երկրի Սահմանադրությունն ու գործող օրենքները։

Ըստ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասի, պետությունը ճանաչել է ՀԱԵ-ի ինքնակառավարման իրավունքը՝ նրա նվիրապետության սահմաններում։

Նույնիսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունն իրավասու չէ միջամտել նրա օրինական գործունեությանը կամ ներքին կառույցին։ Այս դրույթից բխում է, որ իշխանությունն իրավունք չունի միջամտելու Կաթողիկոսի փոփոխության կամ նմանատիպ այլ ներքին գործընթացներին։

Իշխանության ղեկավարած քարոզչական հոսքը, ուղղված եկեղեցու և բարձր աստիճանի հոգևորականների դեմ, ուղեկցվել է ոչ միայն իրավական նորմերի, այլև հանրային բարոյականության ու ավանդույթների կոպիտ խախտմամբ՝ խորացնելով հասարակության ներսում առկա պառակտումը։

2018-ին իր իշխանությունը հաստատած վարչախումբը, հասարակությանը սևերի և սպիտակների բաժանման քաղաքականությունը այժմ փորձում է տարածել նաև հավատացյալ հանրության վրա՝ իր գործողություններում խտրականություն չդնելով։ Փաշինյանը հակաիրավական և հակաեկեղեցական վարքագիծը հաճախ փորձում է ներկայացնել որպես հավատքի դրսևորում՝ «եկեղեցու հավատավոր հետևորդ» լինելու անվան տակ, ինչը փաստացի ծառայում է իր լիազորությունների գերազանցման քողարկմանը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ եկեղեցու դեմ ուղղված թշնամական հռետորաբանությունը լրջագույն սպառնալիք է ներքին ազգային համերաշխության համար։

«Նախորդ շաբաթների և ամիսների ընթացքում գրանցված մի շարք բարձրագույն հոգևորականների կամայական կալանավորումները վկայում են, որ այս արշավը շարունակվում է, և առաջիկա օրերին կարող է ստանալ առավել վտանգավոր ձևեր։

ՀԱԵ-ի կողմից կարգալույծ ճանաչված, այժմ իշխանության համակիր հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան), հոկտեմբերի 26-ին հայտարարել է Հովհաննավանքում պատարագ անցկացնելու մասին՝ հայտնելով, թե ակնկալում է 10,000 մարդու ներկայություն։ Այդ միջոցառմանը, ըստ հայտարարության, նախատեսում է մասնակցել նաև վարչապետ Փաշինյանը։

Նախկինում Փաշինյանը հրապարակավ և կոպիտ բառապաշարով հայտնել է իր «Վեհարանը ազատագրելու» մտադրության մասին։ Կան կասկածներ, որ հոկտեմբերի 26-ին Ասատրյանի նախաձեռնած այս հավաքը կարող է դառնալ ՀԱԵ-ի դեմ ուղղված լայնածավալ միջոցառման մեկնարկ՝ հրահրելով նոր ատելության ու թշնամանքի ալիք։

Փաշինյանի և կարգալույծ հոգևորականի այս գործողությունները դիտարկվում են որպես ծրագրված սադրանք, որը կարող է հանգեցնել լուրջ հասարակական բախումների՝ հաշվի առնելով, որ ՀԱԵ-ի բազմահազար հետևորդներ ևս կարող են կազմակերպվել՝ պաշտպանելու իրենց եկեղեցին։

Հաշվի առնելով, որ գործող իշխանությունն այսօր չունի որևէ ինստիտուցիոնալ հակակշիռ և վերահսկում է ամբողջ իրավապահ ու ուժային համակարգը, հնարավոր է, որ քաղաքական շահերին հասնելու համար վերջիններս դիմեն ռիսկային և անպատասխանատու գործողությունների՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։

Այս իրադարձությունները կտրուկ հակասում են իրավական ու ժողովրդավարական պետության սկզբունքներին։ Դրանք սպառնում են խղճի, կրոնի ու խոսքի ազատությանը, որոնք երաշխավորված են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով։ Իրավիճակի անտեսումը կարող է հանգեցնել բացարձակ վտանգավոր քաղաքացիական բախումների։

Մենք՝ հարյուրավոր հավատացյալներ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, չենք կարող անտարբեր մնալ այս զարգացումներին։ Երբ մեր հոգևոր հայրերին՝ ում քարոզները լսել ենք ու ում մոտ մկրտվել ենք, ենթարկում են ճնշումների, կալանավորում են ու նվաստացնում, դա վիրավորում է ոչ միայն նրանց, այլև՝ մեր արժանապատվությունը։ Սա հարված է մեր հավատքին, խղճին և խոսքի ազատությանը։

Հաշվի առնելով, որ այս հակաեկեղեցական արշավում իշխանությունները ոտնահարում են թե՛ Սահմանադրական կարգի հիմքային սկզբունքները, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք միջազգային նորմեր, մենք՝ ստորև ստորագրող լրատվամիջոցների խմբագիրներս և լրագրողական կազմակերպությունները, դիմում ենք ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին՝ հորդորելով օգտագործել իրենց առկա բոլոր միջոցները՝ կանխելու հանրային բախումների սպառնալիքը։ Խնդրում ենք կոչ անել իշխանություններին՝ դադարեցնել հասարակության պառակտման այս գործելաոճը և հարգել ինչպես Սահմանադրության մեջ ամրագրված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերը, այնպես էլ՝ խոսքի, խղճի, կրոնի և հավատքի ազատությունը»«–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Հ2 հեռուստաընկերություն, «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը, News.am կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Կ. Հակոբյանը, «Փաստինֆո» կայքի խմբագիր Սոնա Տռուզյանը, «ԼայվՆյուզ.ամ»,– գլխավոր խմբագիր Ժաննա Ծառուկյանը, «Իրականում․ամ» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը, irates.am-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, Newday.am լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանը, MediaHub-ի տնօրեն Վահագն Բոյաջյանը, ArmDay.am-ի գլխավոր խմբաիր Տաթև Այվազյանը, «Երկիր Մեդիա»-ի տնօրեն Բագրատ Եսայանը, Tert.am-ի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը, Oragir.News կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, Panorama-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը, Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը, Blognews.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Անտինյանը, Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։