Հոկտեմբերի 23-ին ժամը 18:00-ին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այդ մասին ասվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրության մեջ։
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ վաղը, ժամը 18:00-ին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի սրբազան հոր, տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»,-ասվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






