Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների դեպքով ձերբակալված 19 անձի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ըստ տեղեկությունների՝ կալանքի միջնորդությամբ ընդգրկված անձանց թվում է նաև փաստաբան, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը, ինչպես նաև մեկ անչափահաս։
Ավելի վաղ հաղորդվել է, որ հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում 37 մարդ է ձերբակալվել։ Նրանցից 29-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձանց օրինական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 20-ին իրավապահները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան՝ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ այդ օրը 8 մարդ է ձերբակալվել՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու կամ փոխանցելու մեղադրանքներով։
Ժամեր անց Վարդան Ղուկասյանը ինքնուրույն լքել է քաղաքապետարանի շենքը և մոտեցել իրավապահ մարմինների ավտոմեքենային, սակայն այդ պահին շենքի մոտ հավաքված քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո սկսվել են ձերբակալությունները։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկու ամսով։






