Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիր նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով մահացած Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը։
Նա նշել է, որ չի նկատել, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կրակել է, հայտնում է Auroranews.am-ը։
«Արմեն Ղազարյանն իր ձեռքում գտնվող ինքնաձիգը մոտ երկու մետրից պահեց իմ ուղղությամբ, ասաց՝ վրա մի արի, կկրակեմ, ես նրան հայհոյական խոսքով ասացի՝ հեռացիր և հաշվի չառնելով զենքի առկայությունը, ձեռքով հարվածեցի դեմքին, որից նա հետ–հետ գնալով՝ մոտ 20 մետր, սկսեց անկանոն կրակել մեր ուղղությամբ, ինչի արդյունքում Գրիգոր Օհանյանը և Սերգեյ Նարմադյանը ստացան վնասվածքներ»,– ասել է նա։
Վկայության համաձայն՝ դեպքին ներկա են եղել մի շարք անձինք, այդ թվում՝ Անդրանիկ Ազարյանը, Արթուր Գալստյանը, մարզպետ Գալստյանը, Վլադիմիր Խդերյանը և ուրիշներ։
Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում, վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ևս մեկ անձ: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։






