Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ վանքերի ու եկեղեցիների մի մասը խորհդային ժամանակների իներցիայով դեռ մնում է կառավարության հաշվեկշռում՝ նշելով, որ «ՀՀ այդ վանքերի և եկեղեցիների նպատակային առաքելությունը վտանգված է»։
«Հայոց Ցեղասպանության հետևանքով շատ վանքեր ու եկեղեցիներ ոչնչացվեցին և որոշները օտարվեցին, խորհրդային Հայաստանում մի քանի գործող եկեղեցիներ էին մնացել, իսկ մյուսները կա՜մ հիմնահատակ քանդվեցին, կա՜մ օտարվելով պահեստների վերածվեցին: Արցախում 161 վանք ու եկեղեցի մնաց թշնամու վերահսկողության ներքո, որոնց մի մասն արդեն ավերվել են:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում մնացած վանքերի ու եկեղեցիների մի մասը դեռ խորհդային ժամանակների իներցիայի ուժով շարունակում են մնալ կառավարության հաշվեկշռում։ Հայաստանի Հանրապետությունում գործող այդ վանքերի և եկեղեցիների նպատակային Առաքելությունը վտանգված է»,–գրել է նա։
Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում։ Մի շատ եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայ Առաքելական եկեղեցուն։ Կարծում եմ՝ որտեղ հոգևոր կյանք չկա, կան ինտրիգներ, խարդավանքներ, ֆեյքերեցների խմբեր են գործում, կան բոլոր իրավական և բարոյական հիմքերը այդ հուշարձանները հանրությանը վերադարձնելու համար և Տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևերով կանջակցենք, որ Հայաստանում նրանք վերականգնեն իրական հոգևոր կյանքը»։
Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։






