Շաքարային դիաբետ ունեցող 10-18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի նորագույն համակարգ է ներդրվելու։ Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում այս հարցի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ այս համակարգի ներդրման նպատակով կտրամադրվի 570 միլիոն դրամ։ Ավելի վաղ՝ 0-9 տարեկան երեխաների համար նմանատիպ համակարգ ներդնելու համար հատկացվել էր 181 միլիոն դրամ, հայտնում է Արմենպրեսը։
«Մեր շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց, և երեխաների համար մատը ծակելը թե՛ հոգեբանական, թե՛ կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում: Հաճախ նաև հրաժարվում են երեխաներն այդ չափումներն իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն: Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել շոկերը և ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը ու դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով»,- ասել է Ավանեսյանը։
Նախատեսվող չափիչ սարքավորումները կլինեն թվային՝ տվյալների հեռավար փոխանցման հնարավորությամբ։ Գլյուկոզայի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի ոչ միայն բուժող բժշկին ու ծնողներին, այլ՝ անհրաժեշտության դեպքում նաև դաստիարակին և ուսուցչին։
Նախագիծը ստացել է կառավարության հավանությունը։






