AM
23 Հոկտեմբեր 2025 - 11:36 AMT

«Մուրացան» ԲԿ–ում 15–ամյա աղջկա մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել

«Մուրացան» մանկական հիվանդանոցում 15-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 15-ին «Մուրացան» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել։ «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել տվյալ հիվանդանոցի Դիմածնոտային բաժանմունքում։ Նշվում է, որ երեխայի մոտ բերանի հատվածի խնդիր է եղել, ցավից չի կարողացել բացել այն: Ընդհանուր անզգայացման ժամանակ ինտուբացիան ճիշտ չի արվել, ինչի պատճառով աղջիկը խեղդվել է ու արձանագրվել է սրտի կանգ։

«Համացանցում նշվում է, որ աղջիկը մահացել է վիրահատության ժամանակ, բայց վարույթով նման տվյալ չկա։ «Մուրացան» ԲԿ-ում անչափահասի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- նշել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նա հավելել է, որ ներկայում ընթանում է նախաքննություն, և այլ մանրամասներ այս պահին դեռևս չկան։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նույնպես մեկնաբանել է դեպքը՝ հայտնելով, որ նման միջադեպերը մտահոգիչ են։

«Իհարկե տեղյակ ենք դեպքի մասին։ Գործը գտնվում է պատկան մարմինների լիազորության տիրույթում, այն է՝ իրավական, նախաքննական գործընթացում։ Խորպես ցավում ենք»,- նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ դեպքի հանգամանքներն ավելի հստակ կդառնան փորձաքննության արդյունքներից հետո, ինչը թույլ կտա պարզել մահվան իրական պատճառը։