AM
23 Հոկտեմբեր 2025 - 12:12 AMT

Ավինյան. Նուբարաշենի աղբավայրի նախնական վերամշակման պրոցեսի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի խնդրին, նշել է, որ այն շարունակվում է արդեն մոտ 75 տարի։

Նա նշել է նաև, որ Նուբարաշենի աղբավայրի նախնական վերամշակման պրոցեսի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնեն, հայտնում է Auroranews.am-ը։

«Երբ խոսում ենք Նուբարաշենի աղբավայրի մասին, առաջին արձանագրումը, որ պետք է անենք, այն է, որ Երևան քաղաքն ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի։ Ես վստահ եմ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին ինչ-որ խոսակցություններ եղել են, որ ինչ-որ լուծումներ պետք է փնտրենք և գտնենք, բայց չեն արվել։ Մենք ի՞նչ ենք անում. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում, առաջին ուղղությունը՝ մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունն ասում է հետևյալը՝ հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու, կառավարելու, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք և կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ երկրորդ ուղղությամբ համագործակցություն է ընթանում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ խնդիրին առավել արդյունավետ լուծում տալու համար։

«Երկրորդ պրոցեսն այն է, որ ՏԿԵ նախարարության հետ ընդհանուր ֆորմատով, միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ, փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար, և մենք շեշտել ենք, որ ճանապարհով, որ ավելի արագ և արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք»։

Երրորդ ուղղությունն, ըստ Ավինյանի, վերաբերում է գործող աղբավայրում որոշակի նախնական վերամշակման գործընթաց սկսելու նոր ծրագրի ներկայացմանը։

«Եվ երրորդ խնդիրը, որը դրվել է, այն է, որ Նուբարաշենի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, նախնական վերամշակման պրոցեսի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանն ասել է նաև, որ Էրեբունի-Երևան տոնակատարությունների համար քաղաքապետարանը ծախսել է նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավել գումար, և վերջնական հաշվարկները կհրապարակվեն բոլոր լրատվամիջոցների համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 21-ից Սարգիս Խաչատրյանին նշանակել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով անցկացվելիք մրցույթում հաղթող կողմի որոշումը։