AM
23 Հոկտեմբեր 2025 - 13:50 AMT

Լարված իրավիճակ Հովհաննավանքում․ Կարգալույծ քահանան փորձել է պսակադրություն կատարել

Լարված իրավիճակ է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված քահանա Տեր Արամը, որի աշխարհիկ անունն է Ստեփան Ասատրյան, փորձել է պսակադրության կարգ անցկացնել։

Հովհաննավանքի տարածքում են տասնյակ ոստիկաններ, հայտնում է Sputnik Արմենիան։

Մյուս հոգևորականները փորձում էին բացատրել, որ կարգալույծ արվածը չի կարող որևէ ծես կատարել։ Մասնավորապես, Ստեփան Ասատրյանը երկար զրույցել է Շնորհք աբեղա Պալոյանի հետ։

Փեսայի հայրը հայտարարել է, որ չի ցանկանում, որ պսակադրության ծեսն անցկացնի Ստեփան Ասատրյանը: Օհանավանքից ուղիղ եթերում երևում է, որ Ստեփան Ասատրյանը սկսում է բղավել՝ «Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է, նա չի կարող ամուսնական կյանքով ապրել», ապա մտնում է եկեղեցի ու փակում դռները։

Ինչպես ավելի ուշ հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանը` Ստեփան Ասատրյանը չի շարունակել պսակադրության ծեսը. նա ուղղակի մտել է եկեղեցի` խուսափելով լրագրողներից, իսկ պսակադրության ծեսը շարունակել է տեր Սարգիս քահանա Սարգսյանը։

Մինչ եկեղեցում փակվելը կարգալույծ քահանան բղավում էր․ «Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել․․․Ես այդ կառույցը չեմ հարգում, ով ուղարկել է այդ թուղթը», հայտնում է Panorama.am-ը։

Իրավիճակը լարվել է եկեղեցու բակում։ Ինչ որ մարդիկ սկսել են լրագրողների վրա հարձակվել, թե սադրում են։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը զրկվել է հոգևոր ծառայության իրավունքից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Կիրակի գնալու եմ Հովհաննավանք՝ մասնակցելու Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին»։

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Տեր Արամի այս հայտարարության մեջ հանցագործության տարր են տեսել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն և «Araratnews» կայքը` տեր Արամի հայտարարություններն ուղարկելով դատախազություն։