AM
23 Հոկտեմբեր 2025 - 13:51 AMT

ՔԿ․ Մեկ անձ է կալանավորվել Կարապետյանին աջակցող ցույցին մասնակցելու համար գումար առաջարկելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու Ս.Կ.-ին (գործարար Սամվել Կարապետյանին՝ խմբ․) աջակցող հավաքին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն զգուշացրել է, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատասխանատվություն, այդ թվում՝ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման տեսքով, եթե քաղաքացիները խոչընդոտեն հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն, հարկադրեն մասնակցել կամ նյութապես շահագրգռեն մասնակցելու կամ հրաժարվելու նպատակով։

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում արձանագրվել են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու բազմաթիվ դեպքեր, ուստի հորդորում ենք ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ և ձեռնպահ մնալ նույնաբնույթ հանցավոր դրսևորումներից»,- ընդգծել են Քննչական կոմիտեից։

Ծանուցում. անձը, ում վերագրվում է հանցանք, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։