AM
23 Հոկտեմբեր 2025 - 14:11 AMT

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալը պահանջել է իր պաշտպան Կոչուբաևին ներկայացնել դատարան

«Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը դատական նիստում պահանջել է իր պաշտպան, անազատության մեջ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևին ներկայացնել դատարան:

Ալեքսանյանը նշել է, որ ինքն իր շահերի պաշտպանությունը վստահել է Ալեքսանդր Կոչուբաևին ու նրան է պահանջում՝ միաժամանակ հայտարարելով, որ հրաժարվում է հանրային պաշտպանից, հայտնում է Factor.am-ը։

Գործով ներգրավված մեկ այլ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքով որևէ արգելք չկա, որպեսզի կալանքի տակ գտնվող Կոչուբաևը, ինչպես գործով մյուս կալանավորվածները, բերվի դատարան:

Իր հերթին, պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր մեղադրյալ ունի բացառիկ իրավունք՝ ընտրելու իր պաշտպանին ու հենց նրա միջոցով իրականացնել իր պաշտպանությունը:

Հանրային մեղադրողները արձագանքել են՝ ասելով, որ իրենք հստակ չգիտեն, թե ինչ ընթացակարգով պետք է իրականացվի պաշտպանական կողմի այս պահանջը: Միևնույն ժամանակ հավելել են, որ եթե փաստացի անհնար լինի ապահովել Կոչուբաևի ներկայությունը, իրենք ստիպված կլինեն միջնորդել հանրային պաշտպանի ներգրավման համար:

Դատարանը որոշում է կայացրել դիմել հանրային պաշտպանի գրասենյակին՝ միաժամանակ հստակեցնելով, որ Ալեքսանդր Կոչուբաևին չի հեռացնում գործի վարույթից:

Ալեքսանդր Կոչուբաևը որպես մեղադրյալ է ներգրավվել և կալանավորվել է 2 ամսով ֆեյսբուքում արված վիրավորական գրառման պատճառով։