AM
24 Հոկտեմբեր 2025 - 06:14 AMT

Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել

Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել առերևույթ փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրու համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք հրահանգ են տվել մի շարք աշխատակիցների, որպեսզի նրանք մանկապարտեզների տնօրեններին հանձնարարեն դադարեցնել ուսումնական գործընթացը, տուն ուղարկել սաներին և անձնակազմով ուղևորվել համայնքապետարան՝ խոչընդոտելու համայնքի ղեկավարի ձերբակալմանը:

Նման ցուցումների արդյունքում բազմաթիվ մանկապարտեզների ղեկավարներ, դադարեցնելով աշխատանքը, իրենց անձնակազմի հետ հասել են համայնքապետարանի մոտակայք և միացել այնտեղ հավաքված քաղաքացիներին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), ինչպես նաև 46-486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը):

Այս քրեական վարույթը միացվել է մեկ այլ գործին, որն առնչվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։