Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի դատապարտմանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, դա որակել է «իրավական նոնսենս»։
Նա անդրադարձել է մի շարք դեպքերի, երբ դատավոր Ժորա Չիչոյանը, նմանատիպ կամ առավել ծանր հոդվածներով մեղադրվող անձանց, առավել մեղմ պատիժներ է սահմանել։
«1․ Դատավոր Ժորա Չիչոյանը թիվ ԵԴ1/0445/01/24 գործով առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» իրացնողի նկատմամբ պատիժ է նշանակել տվյալ հոդվածով սահմանված պատժի նվազագույնի չափով՝ 6 տարի (6-12 տարվա դեպքում):
Առանձնապես խոշոր չափով մեկ այլ թմրամիջոց իրացնողին 6-12 տարվա ազատազրկման միջակայքում պատիժ է նշանակում 7 տարի, այսինքն նվազագույնից 1 տարի ավել (ԵԴ1/1188/01/24) , իսկ Դավիթ Համբարձումյանի անհիմն և թմրամիջոցից անհամեմատ նվազ վտանգավոր մեղադրանքի դեպքում (նույնիսկ համեմատական անցկացնել է տարակուսանք առաջացնում), որտեղ սանկցիան 4-7 տարի է, նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, այսինքն՝ առավելագույնին մոտ (դեռ արդարացման մասին չեմ խոսում)։
Դեռ կսահմանափակվեմ այս մի քանի օրինակով, բայց դրանք շատ են։
Ստացվում է ըստ Ժորա Չիչոյանի բացառապես դրական բնութագրվող, բացառիկ հարգանք վայելող, ժողովրդի կողմից ընտրված , նախկինում չդատված, խնամքին անչափահաս երեխաներ ունեցող անձին պետք է պատժել ավելի վատ, քան թմրամիջոց իրացնողին։
Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին առաջադրված մեղադրանքն ընդամենը նախկին ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով է (ինչը կապված է 2018թ ապրիլյան դեպքերի հետ), դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս, էս վերջին 3 ամիսն էլ ավելացրեց, որ համաներում չկիրառվի։
Հ.Գ. Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանը պիտի արդարացվեր։
Սա իրավական նոնսենս է»,–գրել է նա։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։






