AM
24 Հոկտեմբեր 2025 - 07:19 AMT

Հաղորդում է ներկայացվել Փաշինյանի և Ասատրյանի կողմից կրոնական ծեսին խոչընդոտելու նախապատրաստության մասով

Փաստաբան Արա Զոհրաբյանը իրավապահներին հանցագործության մասին 3 հաղորդում է ներկայացրել, այդ թվում՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության մասով։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իշխանությունը շարունակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հարձակումները:

Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են հետևյալ հաղորդումները և դիմումը.

Առաջին հաղորդումը առնչվում է Նաթան սրբազանի մասնակցությամբ հեռախոսային խոսակցության գաղտնիության հնարավոր խախտմանը։ Հաղորդման մեջ նշվում է, որ այդ զրույցները կարող են նաև մոնտաժված և փոփոխված լինել, սակայն միայն գաղտնիության խախտման փաստն արդեն մտահոգիչ է։

Ըստ Արա Զոհրաբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը որպես հանցագործություն է սահմանում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցության կամ այլ հաղորդակցության ձևերի գաղտնիության ապօրինի խախտումը։

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ:

Իրենց գործողություններով Ստեփան Ասատրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է:

2025թ. հոկտեմբերի 26-ի պատարագի կատարումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից խոչընդոտելու նախապատրաստությունը դրսևորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն-հրավեր տալու, այդ օրվա պատարագին միայն «տեր Արամից» հաղորդություն ընդունելու պնդման, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականներին սպառնալու միջոցով, իսկ Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու տարածքն ազատելուց հրաժարվելու և պատարագ անցկացնելու հրավեր ու պնդում կատարելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակին նշված անձինք կհասնեն, եթե իրավապահ մարմինները միջոցներ չձեռնարկեն:

ՆԳՆ ոստիկանությանը ներկայացվել է դիմում ներխուժումը կանխելու վերաբերյալ:

Ի թիվս այլ պահանջների՝ պահանջվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցու՝ ատյանից, խորանից, ավանդատներից և այնպիսի վայրերից, որոնք նախատեսված են բացառաբար Եկեղեցու սպասավորների համար, վտարել Ստեփան Ասատրյանին»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։